ԱՄՆ-ը դեռեւս չի բացահայտել Անկարայում պայթյունի մեղավորներին
ՄիջազգայինՍպիտակ տունը հայտարարել է, որ դեռեւս չեն բացահայտել, թե Անկարայում պայթյունն ովքեր են իրագործել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին եւս հայտնել է, որ Անկարայի ահաբեկչության մեղավորը ներկայում «բաց հարց» է հանդիսանում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, վարչապետ Ահմեթ Դավութօղլուն եւ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության կառավարությունը հայտարարել են, որ հարձակման համար պատասխանատու են Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK), սիրիացի քրդերի Ժողովրդի պաշտպանության ուժերը (YPG) եւ Դեմոկրատական միասնություն կուսակցությունը (PYD): Սակայն, PYD համանախագահ Սալիհ Մուսլիմը հերքել էր այդ պնդումները:
Էրդողանն ու Դավութօղլուն պնդել էին, որ հարձակման հեղինակը YPG-ի լինելը «բացահայտ» է, եւ կոչ էին արել ԱՄՆ-ին YPG-ին «ահաբեկչական» ճանաչել:
Անկարայում փետրվարի 17-ին թուրքական խորհրդարանի, զինված ուժերի գլխավոր շտաբի եւ զինվորական հանրակացարանի շենքերի մոտ տեղի ունեցած հզոր պայթյունի հետեւանքով սպանվել է 28 (որից 20-ը` բարձրաստիճան ռազմական օդաչուներ), վիրավորվել 61 քաղաքացի: