Թուրքիայի համար բարենպաստ սցենար չի կարող լինել. The Washinghton Post
ՄիջազգայինԱմերիկյան հեղինակավոր The Washinghton Post պարբերականն անդրադարձել է միջազգային քաղաքական օրակարգի ամենահրատապ թեմաներից մեկին` Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությանը` ներկայացնելով բավական ուշագրավ հոդված:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական հակամարտության ֆոնին հասցրել է շատ խնդիրներ ստեղծել իր երկրի համար. քաղաքների վրա հարձակվում են ահաբեկիչները, սահմաններին անհանգիստ իրավիճակ է, դաշնակիցների հետ հարաբերություններում լարվածություն է առաջացել: Վերը թվարկված խնդիրների կարգավորումը չափազանց բարդ է, եթե ոչ` անհնարին»,-սկսում է հոդվածագիր Լիզ Սլայը:
Հեղինակը հիշեցնում է, որ դեռ 4 տարի առաջ Անկարան հավակնում էր դառնալ «արաբական գարնան» գլխավոր հաղթողներից մեկը` Արևմուտքի կողմից ընկալվելով որպես տարածաշրջանի առաջատար պետություն:
«Սակայն այդ ամենն ի չիք դարձավ Արաբական գարնան ձախողումից ու սիրիական հակամարտության ընթացքի կտրուկ շրջադարձից հետո: Ռուսաստանը` Թուրքիայի ամենահին ու մոտ թշնամին, ընդլայնում է իր ներկայությունը Թուրքիայի սահմանների մոտ`Սիրիայի, Ղրիմի ու Հայաստանի միջոցով»,-շարունակում է լրագրողը` հիշեցնելով, որ փետրվարի 20-ին` ՌԴ պաշտպանության նախարարը հայտնեց Հայաստանին նորագույն ռազմական ուղղաթիռներ տրամադրելու մասին:
Այնուհետև Սլայը գրում է, որ քրդերի հետ խաղաղ համաձայնության գալու հեռանկարը կարելի է վերջնականապես անիրագործելի համարել` հաշվի առնելով վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները: Բացի այդ, հեղինակը նկատում է, որ թուրքական ռազմական օդուժի կողմից անցած տարվա նոյեմբերին ռուսական «Սու-24» օդանավի կործանումից հետո Անկարայի դեմ սահմանված ֆինանսա-տնտեսական, ինչպես նաև զբոսաշրջային պատժամիջոցները զգալի թուլացրել են թուրքական տնտեսությունը:
«Թուրքիան մի քանի ճակատով կանգնած է աղետի դեմ: Այս երկիրը նախկինում էլ է բազում խնդիրներ ունեցել, սակայն այն, ինչ կատարվում է այսօր` Թուրքիան ունակ չէ մարսել»,-նշել է Անկարայի Ipek համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Գոխան Բաչիքը:
Ինչ վերաբերում է ամենամտերիմ դաշնակցի`Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին, ապա Վաշինգտոնի ու Անկարայի միջև քուրդ զինյալների հարցով ծագել են լուրջ տարաձայնություններ, ինչի հետևանքով Թուրքիան առավել խոցելի է դարձել:
«Այժմ Թուրքիան մեկուսացված է. այն հայտնվել է մասամբ իր կողմից հյուսված դավադրությունների թակարդում: Այս երկիրը վանել է իր բոլոր դաշնակիցներին: Այժմ Թուրքիան մի երկիր է, որի խոսքն այլևս կշիռ չունի: Այն պայթում է, բայց չի արձակում: Թուրքիան չի կարողանում պաշտպանել իր շահերն ու լուրջ տարաձայնությունների մեջ է անգամ սեփական դաշնակիցների հետ: Մի երկրի համար, որը մինչև վերջս համարվում էր տարածաշրջանային առաջնորդ, այս իրավիճակն ուղղակի աղետալի է»,-մեջբերում է հեղինակը Ստամբուլի Կադիր Հաս համալսարանի միջազգային հարաբերությունների հարցերով պրոֆեսոր Սոլի Օզելի տեսակետը:
Անդրադառնալով Թուրքիայի` Սիրիա ներխուժելու ակնհայտ ցանկությանը` Սլայը նկատում է, որ «երկու պարագայում էլ Անկարան լուրջ ռիսկի կդիմի: Ներխուժման դեպքում ակնհայտ պատերազմի մեջ կմտնի Ռուսաստանի հետ ու կպարտվի, իսկ չներխուժելու դեպքում` թույլ կտա քուրդ զինյալներին Սիրիայի տարածքում` «սեփական քթի տակ» ինքնավարություն ստեղծել»:
«Քաղաքական վերլուծաբանների մեծ մասի կարծիքով, Թուրքիան պատերազմը չի սկսի հիմա, քանի որ միջազգային հանրությունն ամենևին էլ չի աջակցում այդ գաղափարին»,-շարունակում է հոդվածագիրը:
Որպես վերջաբան հեղինակը ներկայացնում է քաղաքագետ Գոխան Բաչիքի հետևյալ միտքը. «Այն, ինչ հիմա կատարվում է Սիրիայում, ուղղակիորեն կապված է Էրդողանի քաղաքական ապագայի հետ, ուստի` դեպքերի զարգացման ոչ մի տարբերակ պետք չէ բացառել: Ամեն դեպքում` Թուրքիայի համար բարենպաստ սցենար չի կարող լինել»: