Ադրբեջանը պարզեցնում է Իրանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը
ՄիջազգայինԱդրբեջանի հետ Իրանի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մահմուդ Վաեզին հայտարարել է, որ Ադրբեջանը չի վերացնում վիզային ռեժիմը Իրանի քաղաքացիների համար, սակայն կողմերը համաձայնության են եկել այն պարզեցնելու հարցում, ինչի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ կստորագրվի փետրվարի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Իրան կատարելիք այցի շրջանակում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով APA-ն, ենթադրվում է, որ Ալիեւի Իրան այցի ընթացքում կողմերի միջեւ 10 փաստաթուղթ կստորագրվի համագործակցության մասին:
«Նախագահ Իլհամ Ալիեւի՝ Իրան այցի ժամանակ բոլոր համաձայնեցված փաստաթղթերը կստորագրվեն, ինչը կխթանի կապերի զարգացմանը», -ասել է նա:
Վաեզին նշել է, որ միջկառավարական հանձնաժողովը ստեղծվել է երկու երկրների միջեւ կապերի զարգացման համար:
«Հանձնաժողովում բեռնափոխադրումների, էներգետիկայի, առողջապահության ենթակոմիտեներ են ստեղծվել», -նշել է նա: