Ֆրանսիայի, ԳՖՀ-ի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ղեկավարները կարեւորել են Սիրիայում հրադադարի հաստատումը
ՄիջազգայինՖրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարները պնդում են Սիրիայում հրադադարի վերաբերյալ համաձայնագրի կատարումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են Ելիսեյան պալատում՝ ամփոփելով Ֆրանսուա Օլանդի, Անգելա Մերկելի, Դեւիդ Քեմերոնի եւ Բարաք Օբամայի միջեւ կայացած բանակցությունների արդյունքները:
«Նրանք պնդեցին ամենակարճ ժամկետում դիմակայության դադարեցման վերաբերյալ համաձայնագրի իրագործումը եւ մատնանշեցին փետրվարի 11-ին Սիրիայի աջակցման միջազգային խմբի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը»,- ասված է Ելիսեյան պալատի հայտարարության մեջ:
«Նաեւ անհրաժեշտ է շտապ միջոցներ ձեռնարկել հումանիտար ճգնաժամը կարգավորելու համար, հատկապես՝ Հալեպում»,- նշել են Ֆրանսիայի նախագահի վարչակազմում:
Բացի այդ, Ֆրանսիայի, ԳՖՀ-ի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի ղեկավարները հորդորել են «շուտափույթ քննարկումներ սկսել իսկական քաղաքական անցումային գործընթացի համար, ինչը նախատեսված է ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւով», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: