Հայաստանի և Իրանի առողջապահական գերատեսչությունները սերտացնում են համագործակցությունը
ՄիջազգայինՀայաստանի և Իրանի առողջապահական գերատեսչությունները սերտացնում են համագործակցությունը: Փետրվարի 29-ին ՀՀ առողջապահության նախարարությունում ստորագրվեց երկկողմ համագործակցության հուշագիր:
«Երեք ամիս չի լրացել, որ ձեզ մոտ հյուր էի: Շատ մեծ տպավորություններով եմ վերադարձել, ինչպես այցերից, այնպես էլ համագործակցության հեռանկարներից: Մեր երկրների միջև միջպետական լուրջ համագործակցություն է, և առողջապահական ոլորտն իր ուրույն մասը կարող է ունենալ այդ համագործակցությունում»,- նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նախարարն առանձնահատուկ շեշտեց, որ իրենց համար կարևոր է Իրանի վճռականութունը և պատրաստակամությունը:
«Դեղագործական ոլորտն ամենազարգացողներից է, կարծում եմ, որ այն միջազգային հարթակները, որոնք կարող են ապահովել Հայաստանը, կնպաստեն մեր համագործակցությանը: Մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը Հայաստանում մեկ ամսում գրանցել Իրանում արտադրած դեղորայքը»,- դիմելով Իրանի Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարարին` նշեց Արմեն Մուրադյանը: Նախարարի տեղեկացմամբ` պայմանավորվածություններ կան համագործակցելու դեղագործական, հայ-իրանական կլինիկական կամ պոլիկլինիկական հաստատություն կառուցելու և այլ ուղղություններով:
«Հանրային առողջության նոր մարտահրավերները» խորագրով միջազգային նախարարական համաժողովին մասնակցելու կապակցությամբ Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության և բժշկական կրթության նախարար Հասան Հաշեմին նշեց, որ առաջին անգամ է մեր երկրում:
«Երկու երկրների հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկենք: Վերջին 2 տարվա ընթացքում մեր հարաբերությունները բավականին ակտիվացել են.փոխադարձ այցեր են կազմակերպվել, այդ թվում` առողջապահության ոլորտում: Հուսով եմ, որ երկուստեք կկարողանանք քայլեր ձեռնարկել հարաբերությունները և համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»,-նշեց նա` հավելելով, որ համագործակցությունը կընթանա կրթության, բուժական, դեղագործության և այլ ոլորտներում:
«Երկու երկրների մեծարգո նախագահները և վարչապետները հաստատակամ են հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Կարևորում եմ այն հանգամանքը, որ իրանական դեղարտադրող ընկերությունները կուղղորդվել Հայաստան և եվրոպական երկրների շուկաներ»,- հավելեց Իրանի նախարարը: Նա ընդգծեց, որ Իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանում ներդրումներ կատարելու, ինչպես նաև կրթական ոլորտում համագործակցություն իրականացնելու ուղղություններով: