Հայտնի են դարձել ԱՄՆ-ում «գերերեքշաբթիի» առաջին արդյունքները
ՄիջազգայինՄիլիարդատեր հանրապետական Դոնալդ Թրամփը եւ ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որոնք հավակնում են ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին, առաջատարն են Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների նախնական ընտրություններում, որոնք անցկացվել են «գերերեքշաբթի»՝ մարտի 1-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, վկայում են ընտրողների հարցումների տվյալները, որոնք անցկացվել են CNN հեռուստաալիքի կողմից:
Թրամփը, ըստ էկզիտ-պոլերի տվյալների՝ հաղթում է Ջորջիայի, Վերմոնտի, Ալաբամայի, Մասաչուսեթսի, Թենեսիի եւ Արկանզասի նահանգներում: Ոչ մեծ առավելությամբ նա սենատոր Մարկ Ռուբիոյից առաջ է անցել Վիրջինիայի փրայմերիզներում, որտեղ նրա օգտին տրվել է ձայների 34 տոկոսը, իսկ Ռուբիոյի օգտին՝ 31 տոկոսը: Թրամփի հիմնական մրցակիցը՝ սենատոր Թեդ Քրուզը, հաղթում է Օկլահոմայում եւ Տեխասում՝ կարեւորագույն նահանգներից մեկում, որն ապահովում է 155 պատվիրակների ձայներ:
Հիլարի Քլինթոնը Դեմոկրատական կուսակցության փրայմերիզները շահում է Ջորջիայի, Վիրջինիայի, Ալաբամայի, Թենեսիի, Արկանզասի եւ Տեխասի նահանգներում, իսկ նրա հիմնական մրցակիցը՝ սենատոր Բեռնի Սանդերսը՝ իր հայրենի Վերմոնտի նահանգում եւ Օկլահոմայում: Մարտի 1-ին փրայմերիզներ են անցկացվել Ջորջիայում, Վերմոնտում, Ալաբամայում, Մասաչուսեթսում, Տեխասում, Վիրջինիայում, Օկլահոմայում, Արկանզասում եւ Թենեսիում: Ալյասկայի, Կոլորադոյի եւ Մինեսոտայի նահանգներում անցկացվել են կոկուսներ, դրանց նախնական արդյունքները դեռեւս հայտնի չեն: