Ադրբեջանում 328 նոր ամուսնացողների մոտ սիֆիլիս է հայտնաբերվել
ՄիջազգայինԱդրբեջանի արյունաբանության եւ արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի տալասեմիայի եւ պրոֆիլակտիկայի բաժնի ղեկավար Այսել Միքայիլզադեն ԶԼՄ-ներին հայտնել է, որ վերջին 8 ամիսներին ամուսնությունից առաջ պարտադիր բժշկական քննության ենթարկված 107 500 երիտասարդներից 328 հոգու մոտ սիֆիլիս է հայտնաբերվել, իսկ 71-ի մոտ` մարդու իմունային անբավարարության վարակ` ՄԻԱՎ:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելովreport.az լրատվական կայքը, նրա խոսքով` պարզվել է, որ քննության ենթարկված երիտասարդներից 6 228 հոգի տալասեմիայի (ժառանգական արյան հիվանդություն) կրողներ են, որոնցից հիվանդությունը հայտնաբերվել է 48 զույգի` եւ տղայի, եւ աղջկա մոտ:
Ինստիտուտի տնօրեն Զոհրա Ալիմիրզաեւան լրագրողներին հայտնել է, որ բժշկական քննություն անցկացնելու գլխավոր նպատակը ամուսնացածների մոտ, հատկապես, տալասեմիայով հիվանդ երեխաներ ծնվելու կանխումն է:
«Ժառանգական արյան հիվանդություն կրողները գործնականում առողջ մարդիկ են համարվում: Սակայն, եթե ընտանիք կազմող զույգերից երկուսն էլ տալասեմիայի կրող են, այդ ժամանակ նրանցից ծնվող երեխաների 50 տոկոսը եւս այդ հիվանդության կրող է դառնում: Եթե նման անձինք ընտանիք են կազմում, հղիության 12-18 շաբաթներում սաղմից անալիզ է վերցվում: Եթե երեխան հիվանդ է լինում, նրա ծնունդը խորհուրդ չի տրվում», -ասել է Ալիմիրզաեւան:
Արյան հիշյալ հիվանդությունները հանդիսանում են Ադրբեջանում տարածված հարազատական ամուսնությունների բացասական հետեւանքներից մեկը: Ըստ պրոֆեսոր Էլխան Ռասուլովի` Ադրբեջանում արյունով հարազատական ամուսնությունների հաճախականությունը կազմում է 18-19 տոկոս, ինչի արդյունքում, նման ընտանիքներում ծնված երեխաները տառապում են տարբեր անբուժելի հիվանդություններով:
Արյունաբանության եւ արյան փոխներարկման կլինիկական ինստիտուտի գլխավոր բժիշկ ԻսքանդերԲագիրովի տվյալներով` Ադրբեջանում մոտ 800 հազար մարդ հանդիսանում են տալասեմիայի պոտենցիալ կրողներ:
Ադրբեջանի խորհրդարանի սոցիալական քաղաքականության հանձնաժողովի նախագահ ԽադըՌաջաբլին, իր հերթին, նշում է, որ երկրում ամեն տարի տալասեմիայով հիվանդ 200, հեմոֆիլիայով (արյան անմակարդելիություն) հիվանդ 300 երեխաներ են ծնվում:
Նոյեմբերի 17-ին Բաքվում տալասեմիայով հիվանդները Ազգային տալասեմիայի կենտրոնի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել` փակելով Ֆաթալի խան Խոյսկի փողոցը, որպեսզի պատկան մարմինների կողմից չլուծված իրենց խնդիրները հասցնեն հասարակության ուշադրությանը:
Հիվանդները բողոքել են, որ կենտրոնն իրենց բավարար չափով արյամբ չի ապահովում, ինչի պատճառով ամեն տարի 10-ից ավելի երիտասարդ մահանում է:
Modern.az-ի հետ զրույցում տալասեմիայով հիվանդ 23-ամյա Սոնա Դոբուխովան ասել է. «Տալասեմիայի հետ կապված պետական ծրագիր կա, որի հիման վրա անհրաժեշտ դեղորայք է ներկրվում երկիր: Բայց ամեն տարի 10-ից ավելի հիվանդ մահանում է: Արդյունքում ներկայացվում է, թե իբր հիվանդն «ինքն իրեն լավ չի հետեւել»: Նախարարություն ուղարկած իմ դիմումի պատասխանն արդեն 7 ամիս է` չկա: 2 հազարից ավելի հիվանդ կա: Տալասեմիայի ազգային կենտրոնի տրանսպլանտացիայի բաժանմունքում տարեկան 22 հիվանդ է բուժվում, ինչով հիվանդությունը կանխել հնար ավոր չէ: Մենք արյան պակասություն ունենք: Ինչու՞ ամեն տարի տալասեմիայով հիվանդների թիվը պակասելու փոխարեն շարունակում է աճել: Նոր օրենքի համաձայն, ամուսնացող զույգերից տեղեկանք է պահանջվում: Սակայն, իմ ճանաչած բազմաթիվ մարդիկ այդ տեղեկանքը գնում են փողով եւ գրանցում ամուսնությունը»:
Սոնա Դոբուխովան հայտնել է, որ առողջապահության նախարարության ձեռք բերած դեղորայքն անորակ է:
Տալասեմիայով, հեմոֆիլիայով եւ այլ գենետիկ հիվանդություններով հիվանդների սպառնացող աճը կանգնեցնելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2014 թվականին օրենք է ստորագրել, որի համաձայն ամուսնանալ ցանկացող անձինք պարտավոր են բժշկական քննություն անցնել: