Թուրքիայում ամռանը լուրջ ներքին պատերազմի ռիսկ կա. քուրդ կուսակցապետ
ՄիջազգայինՄինչեւ ամառ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) եւ Թուրքիայի կառավարության միջեւ լարվածությունը կարող է աճել: Հնարավոր է` բախումներում մեծ թվով քրդեր եւ թուրքեր սպանվեն եւ այն վերածվի էթնիկ ներքին պատերազմի:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով CNNTurk-ը, Washington Post թերթի թղթակից Դեւիդ Իգնատիուսին տված հարցազրույցում հայտարարել է թուրքական խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահեթդին Դեմիրթաշը:
Նա ասել է, որ PKK-ին կոչ են արել վայր դնել զենքը եւ վերադառնալ թուրքական իշխանությունների հետ բանակցությունների, իսկ ԱՄՆ-ին եւ մյուս շահագրգիռ ուժերին խնդրել են աջակցություն ցուցաբերել բանակցությունների կայացմանը:
Դեմիրթաշն ասել է, որ քրդական խմբավորումները Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բարբարոսությունների դեմ պայքարում ամենաազդեցիկ ուժերն են:
«Մենք չենք հասկանում, թե ինչու է աշխարհը լուռ մնում քրդերի վրա թուրքական ուժայի կառույցների հարձակումների առնչությամբ», -դժգոհել է քուրդ կուսակցապետը: