Եվրամիությունը Թուրքիային հատկացրել է միգրանտների համար առաջին 95 մլն եվրոն
ՄիջազգայինԵվրամիությունը Թուրքիային հատկացրել է միգրանտների համար նախատեսված 3 մլրդ եվրոյի առաջին 95 մլն մասը նրանց հումանիտար կարիքները բավարարելու համար:
Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հայտնել է միգրացիայի, ներքին գործերով եւ քաղաքացիական հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը` Բրյուսելում Շենգենի վերականգնման ծրագիրը ներկայացնելու ժամանակ:
«Գումարը հատկացվել է միգրանտների հումանիտար կարիքները բավարարելու եւ նրանց երեխաներին կրթության հետ կապված խնդիրները լուծելու համար», -ասել է նա:
Նրա խոսքով` ԵՄ-ը նաեւ հրապարակել է Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմի անցման համար նախապատրաստության գծով հերթական զեկույցը:
Նա ընդգծել է, որ «Եվրոպայում միգրացիոն խնդիրը լուծելու եւ Շենգենը վերականգնելու համար Թուրքիայի հետ ԵՄ համագործակցությունը առանցքային դեր է խաղում, որը հանդիսանում է միգրանտների ժամանման համար հիմնական միջանցքը»:
Մարտի 7-ին Բրյուսելում տեղի կունենա ԵՄ-Թուրքիա գագաթաժողով, որում առանցքային թեման կլինի Թուրքիայի տարածքով ԵՄ միգրացիոն հոսքը սահմանափակելու խնդիրը: