Ուկրաինայի վարչապետի պաշտոնն առաջարկել են Լեհաստանի նախկին վարչապետին. լրատվամիջոց
ՄիջազգայինՈւկրաինայի վարչապետի պաշտոնի համար երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն դիտարկում է Լեհաստանի նախկին վարչապետ ու ֆինանսների նախարար Լեշեկ Բալցերովիչի թեկնածությունը:
Անցած տարվա դեկտեմբերից «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության պատգամավոր Իգոր Գրինինը բանակցում է Բալցերովիչի հետ, որը դեռ վերջնական համաձայնություն չի տվել, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:
«Նրան աջակցում են Արեւմուտքը, մեր միջին խավը, նա պատրաստ է իսկապես մաքրել ախոռները կուսակցական դրածոներից»,- մեջբերում է պարբերականը «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության պատգամավորին, որը բացատրում է, թե ինչու է Պորոշենկոն ցանկանում Բալցերովիչին տեսնել կառավարության ղեկավարի պաշտոնում: Հայտնում են, որ դիտարկվել են նաեւ ԱԱՊԽ քարտուղար Ալեքսանդր Տուրչինովի եւ Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանի թեկնածությունները:
«Բայց այդ թեկնածությունների հետ մեկ այլ խնդիր է ծագում ՝ դրանք դուր չեն գալիս Արեւմուտքին: Տուրչինովին ամերիկացիները չեն վստահում դեռ 2014 թ, երբ նա նախագահի պաշտոնակատար էր: Գրոյսմանի թեկնածությանն էլ արեւմտյան գործընկերները համաձայն չեն, քանի որ իշխանության հավասարակշռության խնդիր է ծագում ՝ նա չափից մտերիմ է նախագահի հետ:
Այնպես որ առայժմ լրջորեն քննարկվում է միակ քիչ թե շատ հեշտ սցենարը ՝ Յացենյուկի հրաժարականը ու Յարեսկոյի ղեկավարությամբ կառավարության ձեւավորումը»,- գրում է պարբերականը: