Մեծ Բրիտանիայի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահը խախտել է օրենքը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի Առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Ջոն Լոնգուորթը հրաժարականի դիմում է ներկայացրել, երբ իրեն թույլ է տվել ելույթի ժամանակ տեսակետ հայտնել, թե իր կարծիքով՝ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու դեպքում ավելի շահեկան դիրքում կհայտնվի: Ջ. Լոնգուորթը նման տեսակետ է հայտնել չորեքշաբթի կայացած կազմակերպության ամենամյա կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցել են բազմաթիվ գործարարներ: Նրա կարծիքով՝ Եվրամիությունից դուրս, երկարաժամկետ հեռանկարում, Մեծ Բրիտանիայի ապագան ավելի պայծառ կլինի, քան ԵՄ կազմում մնալու դեպքում:
Ելույթից երկու օր անց նրան պաշտոնից ժամանակավորապես հեռացնելու որոշում է կայացվել, քանի որ պալատի անդամները կարծում են, որ կառույցի ղեկավարը խախտել է այդ հարցի մասին չեզոքություն պահպանելու իր պարտականությունը: Երկրի Առևտրաարդյունաբերական պալատը հայտարարություն է տարածել, որում տեղեկացրել է, որ կազմակերպությունը, ինչպես նախկինում, այնպես էլ հետայսու շարունակելու է չեզոք մնալ այդ կարևոր հարցի վերաբերյալ և չի պատրաստվում քարոզարշավ կազմակերպել այս կամ այն տեսակետին հակված մարդկանց ուղղորդելու հարցում:
Հիշեցնենք, որ 2016-ի հունիսի 23-ին Մեծ Բրիտանայում հանրաքվե կանցկացվի երկրի ԵՄ կազմից դուրս գալու հարցի մասին հասարակության դիրքորոշումը պարզելու համար, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ երկրի Առևտրաարդյունաբերական պալատի անդամների կարծիքները տարբեր են, նման հզոր կառույցի ղեկավարն իրավունք չուներ որևէ դիրքորոշում հայտնել: Տեղեկացնենք նաև, որ Մեծ Բրիտանիայի Առևտրի պալատը միավորում է ողջ երկրի 52 հավատարմագրված առևտրային պալատների, որոնց անդամակցում են տասնյակ մեծ, միջին և փոքր ձեռնարկություններ և ընկերություններ:
Ա. Գ.