Նվազել են ԱՄՆ-ի ապրանքների և ծառայությունների արտահանման ցուցանիշները
Միջազգային2016 թվականի առաջին ամիսների ցուցանիշներով ԱՄՆ-ի տնտեսությունը զարգացում է ապրել, որի շնորհիվ փետրվար ամսին ավելացրել է 242 հազար աշխատատեղ, մինչդեռ տնտեսագետները կանխատեսել էին 190 հազար: Ամերիկացի փորձագետների տեղեկացմամբ՝ գործազրկության մակարդակը, սակայն, չի փոխվել և այս տարվա առաջին երկու ամիսներին այն կազմել է 4,9%, ինչը վերջին ութ տարվա ընթացքում ամենանվազագույն ցուցանիշն է: Վերլուծությունները ցույց են տալիս, որ այս ցուցանիշները չեզոքացնում են ԱՄՆ-ում հնարավոր ճգնաժամի մասին կանխատեսումները:
Չնայած դրան, աշխատավարձերի բարձրացման խնդիրը դեռևս շարունակում է օրակարգային մնալ: Տարեցտարի մեկ ժամի միջին աշխատավարձի աճը դանդաղել է՝ հասնելով 2,2-ից 2,5 տոկոսի: Նախնական հաշվարկների համաձայն՝ ԱՄՆ-ի տնտեսական աճը անցած տարվա մեկ եռամսյակի կտրվածքով աճել է 1 տոկոսով, սակայն, կանխատեսումների համաձայն, այն կարող էր կազմել 0,7 տոկոս: Որոշ տնտեսագետների կարծիքով՝ հաշվի առնելով երկրում առկա ինֆլյացիոն ճնշումները և աշխատաշուկայի խստացումը, երկրի տնտեսական աճը կարող է դանդաղել և չի բացառվում, որ ավելանան նաև լուսավոր ապագայի մասին մտավախությունները:
Հունվարից մինչ օրս ԱՄՆ-ում ընդհանուր առմամբ կրճատվել է 27 հազար, իսկ արտադրության ոլորտում՝ մոտ 16 հազար աշխատատեղ: Երկրի առևտրի նախարարության հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ի արտահանման և ներմուծման տարբերությունը բարձրացել է: Հունվարին այդ ցուցանիշը կազմել է մոտ 45,7 միլիարդ դոլար, իսկ դեկտեմբերին այդ թիվը 44.7 միլիարդ է եղել: Վիճակագրական թվերի համաձայն՝ ապրանքների և ծառայությունների արտահանումը հունվարին նվազել է 2,1%-ով՝ հասնելով մինչև 176.5 միլիրդ դոլարի, որը 2011-ի հունիսից հետո ամենացածր ցուցանիշն է: Ամերիկյան արտահանողները տուժել են համաշխարհային տնտեսական անկման և դոլարի ուժեղացման հետևանքով, ինչի հետևանքով ամերիկյան արտադրանքներն արտերկրում ավելի թանկ գնով են վաճառվում:
Ա.Գ.