Լավրովն ու Քերրին քննարկել են Սիրիայում հրադադարի հարցում ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի համակարգման խորացումը
ՄիջազգայինՌուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական գծով համակարգման խորացման հարցը՝ Սիրիայում հրադադարի ռեժիմի աջակցման նպատակով: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ կայքը:
Նշվում է, որ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ կայացած զրույցի ընթացքում նախարարները շարունակել են «սիրիական հակամարտության կարգավորման ուղիների առարկայական քննարկումը»՝ հիմնված ՄԱԿ-ի ԱԽ №2254 եւ №2268 բանաձեւերի եւ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համանախագահությամբ գործող Սիրիայի աջակցման միջազգային խմբի գործունեության վրա:
Կողմերը հույս են հայտնել, որ միջսիրիական բանակցությունները կանցնեն «միջսիրիական երկխոսության համապարփակության ապահովման պահանջներին համապատասխան, ինչպես նաեւ էթնիկ-հարանվանական բոլոր շերտերի շահերը հաշվի առնելով»: