Նազրանում մզկիթի մոտակայքում պայթյունը կարող է իմամի նկատմամբ մահափորձ լինել
ՄիջազգայինԻնգուշեթիայի իրավապահ մարմինները պարզում են պայթյունի հանգամանքները, որն ուրբաթ ցերեկը որոտացել է Նազրանում` մզկիթի մոտակայքում, երբ այնտեղից մեքենայով դուրս էր գալիս տեղի իմամը:
Ինգուշեթիայի ՆԳՆ-ի տվյալներով, ավտոմեքենայի պայթյունը դրան հետեւած բոցավառմամբ տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով մոտ 14.00-ին: Արդյունքում տուժել է տեղի 56-ամյա մի բնակիչ, որին տեղափոխել են հանրապետական կլինիկական հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Իրավապահ մարմիններում աղբյուրների տեղեկության համաձայն, մասնավոր մարդատար մեքենան պայթել է մզկիթից ոչ հեռու, երբ ուրբաթ օրվա աղոթքից հետո այնտեղից մեքենայով դուրս էր գալիս իմամ Համզաթ Չումակովը: Նախնական տեղեկությունների համաձայն, նա չի տուժել, նրան հիվանդանոց է հասցրել երկու տղամարդ: Նրանցից մեկը ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում, մյուսը հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվել:
Ի սկզբանե հաղորդվել էր, որ ավտոմեքենայում կարող է պայթած լինել գազի բալոնը, սակայն պայթյունի բնույթից դատելով` ենթադրել են, որ գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք:
Մզկիթի իմամ Նասիր-Կորտե Համզաթ Չումակովը մեծ հեղինակություն է վայելում հանրապետության մահմեդական միջավայրում: 2010-ին մեքենայի պայթյունի հետեւանքով, որում գտնվում էր Չումակովը, նա ծանր վնասվածքներ էր ստացել եւ կորցրել էր ոտքը: