ՄԱԿ-ն իր խաղաղապահների կողմից սեռական հանցագործությունների դեմ պայքարի բանաձև է ընդունել
ՄիջազգայինՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մարտի 11-ին բանաձև է ընդունել, որով կոշտ միջոցներ են նախատեսվում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների և ԱԽ-ի հավանությամբ գործող արտասահմանյան զորախմբերի անձնակազմերի կողմից սեռական չարաշահման ու բռնության դեպքերի համար: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, ԱՄՆ-ի կողմից նախապատրաստված փաստաթուղթն աջակցություն է ստացել ԱԽ- ի մյուս բոլոր 14 անդամների կողմից:
Բանաձևով հավանություն է տրվում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի որոշմանը՝ առաքելությունների կազմից հանելու այն ռազմական կամ ոստիկանական ստորաբաժանումները, որոնց կողմից «լայնածավալ կամ պարբերական սեռական շահագործման ու բռնությունների վերաբերյալ վստահության արժանի ապացույցներ կան»: Անվտանգության խորհուրդը Գլխավոր քարտուղարին խնդրել է բանաձևն անհապաղ կիրառության դնել և մշտապես կատարել այդ որոշումը: