Եգիպտոսում նախարարը պաշտոնանկ է արվել Մուհամեդ մարգարեին բանտ նստեցնելու պատրաստակամության համար
ՄիջազգայինԵգիպտոսի արդարադատության նախարար Ահմեդ Զինդը պաշտոնանկ է արվել այն բանից հետո, երբ հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել է, թե բանտ կնստեցներ անգամ Մուհամեդ մարգարեին, եթե նա խախտեր օրենքը, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով BBC-ին:
Պաշտոնյան իսկույն էլ հավելել է՝ «Ներիր ինձ, Ալլահ», իսկ հաջորդ օրը պաշտոնապես ներողություն է խնդրել: Սակայն Եգիպտոսի վարչապետն ազատել է նրան զբաղեցրած պաշտոնից:
Եգիպտոսի դատական հանրությունը քննադատել է այդ որոշումը: Նրանցից մեկը հայտարարել է, որ դա ընդամենը վրիպախոսություն է եղել, իսկ պաշտոնյային չպետք է հեռացնեին:
Եգիպտոսի արդարադատության նախորդ նախարարը պաշտոնից զրկվել էր անցյալ տարվա մայիսին, երբ կարծիք էր հայտնել, որ դատավարներ կարող են դառնալ միայն հասարակության բարեկեցիկ խավերից սերվածները, նա նման աշխատանքի համար անարժան է համարել աղբահավաքների երեխաներին: