Ադրբեջանում չինովնիկների ապօրինություններն անտանելի է դարձել. հրեա պատգամավոր
ՄիջազգայինԱդրբեջանի խորհրդարանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության ազգությամբ հրեա պատգամավոր Եվդա Աբրամովը Միլի Մեջլիսի այսօրվա նիստում գանգատվել է, որ չինովնիկները բնակչությանը ապօրինաբար գոյություն չունեցող պարտքեր են վերագրում` նշելով, որ «Ազերիշըգ» ընկերությունն անձամբ իրեն անարադարացիորեն 780 մանաթ է վերագրել:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, հրեա պատգամավորը հայտարարել է, որ չինովնիկները բնակչությանը տանջում են ոչ միայն գոյություն չունեցող` էլեկտրաէներգիայի դիմաց պարտքերով, այլ նաեւ այլ կենցաղային ծառայությունների ոլորտներում:
Նրա խոսքով` իր իսկ կողմից անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ բնակչությանը վերագրված այդ ապօրինի պարտքերի գումարը կազմում է միլիոնավոր մանաթներ:
«Դա ոչ այլ ինչ է, քան առանձին չինովնիկների կողմից բնակչությանն արվող ապօրինի վերագրումների համար վճար, որից հետո պատասխանատվությունը գցում են բնակչության վրա: Եւ դրանից հետո նրանք ֆինանսական ամնիստիա են խնդրում կառավարությունից», -ասել է պատգամավորը:
Եվդա Աբրամովն ասել է, որ Գուբայի շրջանում, որն ինքը ներկայացնում է խորհրդարանում, հարյուրավոր մարդիկ տառապում են նման փաստերից:
«Հետո էլ ասում են, թե Գուբայում խռովություն է բարձրացել: Այդ օրը հարյուրավոր մարդիկ բողոքի էին դուրս եկել: Մենք գործադիր իշխանության հետ միասին այնտեղ էինք: Չինովնիկների անսահման ապօրինություններն ու կամայականությունն անտանելի է դարձել», -դժգոհել է ադրբեջանական խորհրդարանի միակ հրեա պատգամավորը: