ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի կալանումը
ՄիջազգայինՄարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի գործով վճիռը, ով 6 տարի ժամկետով ազատազրկման էր ենթարկվել տնտեսական հանցագործություններ կատարելու մեղադրանքներով:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, ՄԻԵԴ-ը որոշել է, որ Ջաֆարովի նկատմամբ խախտվել են «ազատության եւ անձնական անձեռնմխելիության», «իրավունքների օգտագործման սահմանափակման» եւ «բողոք ներկայացնելու իրավունքի» ՄԻԵԴ հոդվածները:
Դատարանը որոշել է, որ այդ խախտումները ուժեղացնում են այն մասին փաստարկները, որ Ռասուլի քրեական հետապնդման նպատակը եղել է նրան լռեցնելն ու իրավապաշտպան գործունեության համար պատժելը:
ՄԻԵԴ-ը հանգել է այն եզրակացության, որ փաստերը, որոնց վրա հղում են կատարում Ադրբեջանի դատախազական մարմինները, Ջաֆարովին վերագրվող քրեական հանցագործությունների` հարկերից խուսափելու եւ իշխանությունը չարաշահելու հիմնավորման համար բավարար չեն եղել:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է Ջաֆարովին 25 հազար եվրո փոխհատուցում վճարի, եւ եւս 7448 եվրո` նյութական վնասի փոխհատուցման համար:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մարտի 17-ին հրամանագիր է ստորագրել 148 դատապարտյալների (14 արտասահմանցի քաղաքացիներ) ներում շնորհելու մասին, որոնցից 14-ը Ադրբեջանում դատապարտված մոտ 100 քաղաքական բանտարկյալների ցուցակից են: Նրանց մեջ նշվում են Ազգային պետականության կուսակցության ղեկավար Նեյմաթ Փանահլըի, «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիգ Յագուբլուի, NIDA շարժման ակտիվիստներ Ռաշադ Հասանովի, Ռաշադաթ Ախունդովի, Մամեդ Ազիզովի, Օմար Մամեդովի, իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովի, նախագահի աշխատակազմ ի նախկին ղեկավար Աքիֆ Մուրադվերդիեւի, լրագրող Փարվիզ Հաշիմլըի, իրավապաշտպան Թալեհ Խասմամեդովի, Անար Մամեդլիի, ակտվիստ մուսավաթականներ Սիրաջ Քերիմլիի եւ Յադիգյար Սադըգովի անունները: