ԱՄԷ, ԱՄՆ ու Ֆրանսիայի փորձագետները մասնակցելու են «Բոյինգի» վթարի հետաքննմանը
ՄիջազգայինԴոնի Ռոստովում «Բոյինգի» վթարի հետաքննմանը մասնակցելու են նաեւ ԱՄԷ, ԱՄՆ ու Ֆրանսիայի փորձագետները: Այս մասին հայտնում է Միջպետական ավիացիոն հանձնաժողովի կայքը, փոխանցում է Gazeta-ն:
«Հանձնաժողովը սկսել է աշխատանքները: Մոտակա ժամանակներս հանձնաժողովի աշխատանքներին կմիանան նաեւ ԱՄԷ-ի՝ օդանավի գրանցման ու շահագործման պետության, ԱՄՆ-ի՝ օդանավը մշակող ու արտադրող պետության ու Ֆրանսիայի՝ շարժիչներ մշակողի պետության փորձագետները»,- նշված է հաղորդագրության մեջ:
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ ՄԱՀ–ը ստեղծել է հանձնաժողով՝ Դոնի Ռոստովում «Բոյինգի» վթարի հետաքննության համար:
«Բոյինգ 737-800» օդանավը, որը Դուբայից էր թռչում, վթարի է ենթարկվել Դոնի Ռոստովի օդանավակայանում մարտի 19-ին Մոսկվայի ժամանակով մոտավորապես 3:40-ին: ԱԻՆ տվյալներով, վթարի ժամանակ զոհվել են օդանավի 55 ուղեւորները ու անձնակազմի յոթ անդամները: