Իսպանիայում տեղի ունեցած վթարի զոհերի եւ տուժածների մեծ մասն օտարերկրացիներ են
ՄիջազգայինԿատալոնիայում ավտոբուսի եւ թեթեւ մարդատար մեքենայի վթարի հետեւանքով զոհված եւ տուժած ուսանողների մեծ մասն օտարերկրացիներ են: Այս մասին հայտարարել է Իսպանիայի ՆԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Խորխե Ֆերնանդես Դիասը:
Նա չի կարողացել հստակեցնել, թե որ երկրների քաղաքացիների մասին է խոսքը, սակայն հավելել է, որ նրանք «ԵՄ-ի, ինչպես նաեւ երրորդ երկրների քաղաքացիներ են»:
EFE գործակալության տվյալներով, տուժածների թվում Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ Իսպանիայի քաղաքացիներ կան:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, վթարի հետեւանքով 13 մարդ է զոհվել, 43 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, որոնցից 28-ին հոսպիտալացրել են: Նրանք հիմնականում 22-29 տարեկան երիտասարդներ են:
Վթարը տեղի է ունեցել մարտի 20-ի առավոտյան, կատալոնական Տարագոն շրջանում: Ավտոբուսը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել թեթեւ մարդատար ավտոմեքենայի: Ավտոբուսում Էրասմուս կրթական ծրագրի ուսանողներ են եղել, որոնք Բարսելոնա էին վերադառնում Վալենսիայից: Ավտոբուսի վարորդը, ինչպես նաեւ թեթեւ մարդատար մեքենայի վարորդը եւ ուղեւորը ողջ են: