ԵՄ-ն վաճառել է հոգին` Թուրքիայի հետ համաձայնության համար. The Financial Times
ՄիջազգայինԹուրքիայի հետ Եվրամիության միջեւ ստոարգրված եւ երեկվանից գործողության մեջ դրված փախստականների մասին համաձայնությունը շարունակում է լայնորեն քննարկվել բրիտանական մամուլում:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` The Financial Times թերթն այդ առնչությամբ գրում է, որ միգրանտների հարցում Թուրքիայի հետ համաձայնության գալու համար ԵՄ-ն վաճառել է հոգին:
Նշելով, որ մինչ այժմ սեփական սկզբունքներին եւ կանոններին վճռականորեն եւ անզիջում հետեւող ԵՄ-ն «Եվրոպայի քաղաքական պատմության մեջ ամենավատ քայլը կատարեց»:
«Մարդու իրավունքների հարցում խնդրահարույց Թուրքիայի հետ անդամակցության բանակցություններն արագացնելու, վիզայի ազատականացման մասին խոստումները խոսում են այն մասին, որ ԵՄ-ն չբավարարվեց միայն վաճառելով հոգին, այլ նաեւ Անկարայի հետ գնաց ամոթալի սակարկության», -գրում է թերթը:
Թերթը համոզմունք է հայտնում, որ շատ դժվար կլինի ԵՄ-Թուրքիա համաձայնության իրագործումը, իսկ եթե այն անգամ իրականացվի, ապա ԵՄ փախստականների հոսքի հակառակ շրջելն անհնարին կլինի:
Թերթն իր այդ համոզմունքն ապացուցելու համար մեջբերել է ԵՄ-Թուրքիա համաձայնության հիման վրա Թուրքիա վերադառնալու մասին Հունաստան հասած մի աֆղանցի մոր հետեւյալ խոսքը. «Ոչ, ոչ, ոչ: Թուրքիա` ոչ մի դեպքում: Հետ վերադառնալու փոխարեն գերադասում եմ մեռնել այստեղ»: