Ադրբեջանցի «օրենքով գողը» արյունալի տեսարան է սարքել Կիեւի օդանավակայանում
ՄիջազգայինՌուսաստանից արտաքսված ադրբեջանցի «օրենքով գող» Դադաշ Բակինսկին (Դադաշ Իբրահիմով) Կիեւի Բորիսպոլ օդանավակայանում արյունալի միջադեպի հերոս է դարձել:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով modern.az լրատվական կայքը, Դադաշ Իբրահիմովը սկսել է ծխել օդանավակայանի սպասասրահում: Ուկրաինայի պարեկային ոստիկանության աշխատակիցները փորձել են կարգի հրավիրել նրան: «Օրենքով գողը» ագրեսիվ կերպով է արձագանքել եւ սկսել գոռգոռալ ադրբեջաներենով: Ոստիկանները նկատել են, որ նրա դեմքին արյան հետքեր կան: Հետո նա դանակով հարձակվել է ոստիկանների վրա: Միջադեպի վայր լրացուցիչ ուժեր են կանչվել: Տեսնելով դա, Դադաշ Իբրահիմովը դանակով հարվածել է ոստիկաններից մեկի կրծքին, հետո հարվածներ հասցրել իր պարանոցին ու որովայնին: Այդ պահին նա ընկել է հատակին, որից հետո ոստիկաններին հաջողվել է վնասազերծել նրան:
Միջադեպի հետ կապված Բորիսպոլի ոստիկանությունը մեկնաբանել է, որ ադրբեջանցի «օրենքով գողը» եղել է թմրանյութի ազդեցության տակ, եւ դրանից կարճ ժամանակ առաջ նա վիճաբանության ժամանակ դանակի մահացու հարվածներ էր հասցրել իր ընդդիմախոսներից մեկին:
Դադաշ Բակինսկին ներկայում գտնվում է Կիեւի Բորիսպոլի շրջանի հիվանդանոցում: Իրավապահ մարմնի աշխատակցի դեմ մահափորձի եւ իր ընդդիմախոսի սպանության համար նրան նվազագույնը 15 տարվա ազատազրկում է սպասում: