Ռուսաստանի ԱԻՆ ղեկավարը չծրագրված այցով մեկնել է Բաքու
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովը ադրբեջանական կողմի խնդրանքով մարտի 21-ի երեկոյան անսպասելի եւ չծրագրված այց է կատարել Բաքու:
Ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, ՌԴ ԱԻՆ ղեկավարը Ադրբեջանի արտակարգ իրավիճակների փոխնախարար Ֆաիգ Թաղիզադեի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները, այդ թվում` Կասպյան ավազանի երկրների հրշեջների պատրաստման գծով համատեղ ուսումնական կենտրոն ստեղծելու հնարավորութունը:
Ադրբեջանական կողմը Ռուսաստանից խնդրել է քննարկել Ադրբեջանի ԱԻՆ ակադեմիայի բազայի վրա Կասպյան ավազանի հրշեջ-փրկարար ծառայությունների մասնագետների համար տարածաշրջանային համատեղ ուսումնական կենտրոն ստեղծելու հարցը: Ռուսաստանի ԱԻՆ-ը ՌԴ կառավարության համապատասխան հանձնարարականի նախագիծ է պատրաստել:
Վլադիմիր Պուչկովը նշել է, որ նման ծրագրի անհրաժեշտության հիմնավորումը բավականին դժվար գործառույթ է: Նա պատրաստակամություն է հայտնել մայիսին Բաքու գործուղել ՌԴ ԱԻՆ մասնագետների խումբ ծրագրի պատրաստման եւ իրագործման մասին համատեղ խորհրդակցություններ անցկացնելու համար:
Բացի այդ, ռուս նախարարը հայտնել է, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը ծրագրում է աշնանը Աստրախանում «Կասպի-2016» խոշորամասշտաբ զինավարժանքներ անցկացնել, եւ ադրբեջանական կողմին հրավիրել է մասնակցել այդ միջոցառմանը: