Էրդողանը ներգրավվել է թուրք հայտնի լրագրողների դեմ դատական գործում
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ազգային հետախուզական ծառայությունը որպես հայցվոր կողմ ներգրավվել են թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարի ու Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլի դեմ դատական գործում: Ինչպես հաղորդում է Արմենխպրեսը` վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբեր ականը, այս մասին որոշում է ընդունել Ստամբուլի` ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանը:
Դատարանի որոշմամբ լրագրողների գործով դատական նիստներն այսուհետ անցկացվելու են դռնփակ կարգով:
Թուրքիայում «Ջումհուրիեթ» (Cumhurriyet) թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին և այդ նույն թերթի Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլին ձերբակալել և կալանավորել էին «Իսլամական պետության» ահաբեկիչներին զենք մատակարարելու մասին նյութ հրապարակելու համար: Լրագրողներին մեղադրում են ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավվածության և լրտեսության համար: Իրականում նյութում բացահայտում էր արվում այն մասին, որ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք է մատակարարում ԻՊ-ին:
Շուրջ երեք ամիս ազատազրկման մեջ գտնվելուց հետո Ջան Դյունդարն ու Էրդեմ Գյուլը երկրի Սահմանադրական դատարանի որոշմամբ ազատ էին արձակվել: Այս որոշմանը դեմ էր արտահայտվել երկրի նախագահ Էրդողանը` հայտարարելով, որ չի հարգում Սահմանադրական դատարանի որոշումը: