Փարիզյան ահաբեկչությունների կազմակերպչի տանը Բրյուսելի օդանավակայանի քարտեզն է հայտնաբերվել. Belga
ՄիջազգայինԱթենքում բնակարաններից մեկում, որտեղ բնակվել է նախորդ տարի Փարիզում իրականացված ահաբեկչությունների կազմակերպիչներից Աբդելհամիդ Աբաաուդը, հայտնաբերվել է Բրյուսելի օդանավակայանի քարտեզը, գրում է Belga գործակալությունը։
«Բրյուսելի օդանավակայանի քարտեզը և սխեման հայտնաբերվել են Աթենքի բնակարաններից մեկում գտնվող համակարգչում և USB-կրիչում: Այնտեղ 2015թ. հունվարին բնակվել է Աբդելհամիդ Աբաաուդը` փարիզյան ահաբեկչությունների կազմակերպիչներից մեկը»,- նշում է գործակալությունը:
Ավելի վաղ այդ տեղեկությունը հաստատել էին հունական լրատվամիջոցները` հղում անելով տեղի ոստիկանության աղբյուրներին:
Հունական դատախազությունը, սակայն, չի հաստատել այդ տեղեկությունը: Միևնույն ժամանակ, հունական Sky կայքը նշել է, որ բելգիական և հունական իշխանությունների փոխգործակցության հարցում դժվարություններ կան՝ կապված տվյալների փոխանակման հետ։
Հիշեցնենք, որ Փարիզում 2015 թվականի նոյեմբերի 13-ին իրականացված ահաբեկչությունների շարքի հետևանքով զոհվել է ավելի քան 130 մարդ։ Աբդելհամիդ Աբաաուդը սպանվել է ահաբեկչություններից օրեր անց՝ Փարիզի Սեն Դենի շրջանում հատուկ գործողության ընթացքում։
Օրերս էլ Բրյուսելի միջազգային օդանավակայանում երկու պայթյուն է տեղի ունեցել, ևս մի պայթյուն է տեղի ունեցել մետրոյի «Մալբեկ» կայարանում՝ վագոնում։ Ահաբեկչությունների հետևանքով, ճգնաժամային կենտրոնի տվյալներով, մահացել է ավելի քան 30 մարդ։ Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: