Պետքարտուղարություն. Փհենյանի փորձարկումները միջուկային անվտանգության գագաթաժողովի գլխավոր թեման չեն դառնա
ՄիջազգայինՀյուսիսային Կորեայի իրականացրած միջուկային փորձարկումները Վաշինգտոնում նախանշված միջուկային անվտանգության գագաթաժողովի գլխավոր թեման չի դառնա, չնայած այդ հարցը կբարձրացվի: Այս մասին մարտի 28-ին կայացած հատուկ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ միջազգային անվտանգության եւ չտարածման հարցերով օգնական Թոմաս Քանթրիմենը:
Նա հիշեցրել է, որ ատոմային ոլորտի մի շարք առանցքային խնդիրներ, ինչպիսիք են, օրինակ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը, լուծվել են «այս գագաթաժողովի շրջանակից դուրս», որը կենտրոնանալու է գլխավորապես միջուկային ահաբեկչության սպառնալիքի թեմայի ուղղությամբ:
«Անկասկած, Հյուսիսային Կորեայի հարցով բազմաթիվ քննարկումներ կլինեն, դա ամենաակտիվ սադրիչ սպառնալիքն է Արեւելյան Ասիայի անվտանգության համար: Բայց դա գագաթաժողովի կենտրոնական թեման չի լինի»,- ասել է Քանթրիմենը:
Ըստ ՏԱՍՍ-ի, դիվանագետը նաեւ մատնանշել է, որ Փհենյանի դեմ ուղղված միջոցառումների խստացման գործընթացը տեղի է ունենում գագաթաժողովի շրջանակից դուրս: Նրա խոսքով, ավելի վաղ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հավանության է արժանացրել «վերջին ավելի քան 20 տարվա ընթացքում ամենախիստ պատժամիջոցների սահմանումը»: