Սիրիայում մեկ օրվա ընթացքում հրադադարի խախտման 7 դեպք է արձանագրվել
ՄիջազգայինՍիրիայում անցած մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման 7 դեպք է արձանագրվել: Այս մասին հաղորդել է հրադադարի հարցերի ռուսական կենտրոնը:
«Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը հիմնականում պահպանվել է: Մեկ օրվա ընթացքում խախտման 7 դեպք է արձանագրվել. Լաթաքիայում՝ 5, Հալեպում եւ Դամասկոսում՝ 1-ական»,- ասված է կենտրոնի հաղորդագրությունում:
Լաթաքիա նահանգում «Ահրար աշ-Շամ» խմբավորման զինյալները գնդակոծել են Մազրաաթ-Օմարո եւ Սանդրան բնակավայրերը: Իսկ Զեյթունջիք բնակավայրից գնդակոծվել են Շմայսա շրջանում տեղակայված կառավարական զորքերի դիրքերը:
Ըստ ՏԱՍՍ-ի, Հալեպ քաղաքում «Լիվա աս-Սուլթան Մուրադ» կազմավորման զինյալները Աշրաֆիա շրջանից գնդակոծել են Շեյխ Մաքսուդ թաղամասը: Այստեղ վիրավորներ կան:
Բացի այդ, Դամասկոսում «Ջեյշ ալ-Իսլամ» խմբավորումը կրակ է բացել Էլ Սահիա թաղամասի բնակելի շենքերի ուղղությամբ: