Բրազիլիայի խորհրդարանում սկսվել են նախագահի իմփիչմենթի հարցով եզրափակիչ բանավեճերը
ՄիջազգայինԲրազիլիայի Ազգային կոնգրեսի Ստորին պալատը 43 ժամ տեւած նախնական քննարկումներից հետո սկսել է նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի հարցով եզրափակիչ բանավեճերը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
Քվեարկությունը կանցկացվի անվտանգության բարձր միջոցառումների եւ գործընթացի շուրջ հասարակական հսկայական հետաքրքրության պայմաններում: Խորհրդարանի շենքի առջեւ տասնյակ հազարավոր մարդիկ են հավաքվել, հասարակական կարգը պահպանելու համար 3 հազար ոստիկաններ եւ 500 հրշեջներ են ներգրավվել:
Globo հեռուստաալիքի փոխանցմամբ, այս շաբաթ կառավարությունը փորձեց ձախողել քվեարկությունը՝ դիմելով Գերագույն դատարան, սակայն դա հաջողությամբ չպսակվեց. մի քանի ժամ տեւած նիստից հետո դատավորները վճռեցին չդադարեցնել իմփիչմենթի գործընթացը:
Բրազիլական ընդդիմությունը փորձում է հասնել նախագահի իմփիչմենթին եւ նրա դեմ հետաքննություն ծավալելուն. Ռուսեֆին կասկածում են հարկային խախտումներին մասնակցության եւ իր վերընտրման համար պետական միջոցները ծախսելու մեջ:
Նախագահին պաշտոնական պարտականությունների կատարումից ժամանակավորապես՝ 180 օրով հեռացնելու համար հարկավոր է 42 սենատորի քվե, իսկ վերջնական իմփիչմենթի համար Սենատի առանձին նիստ է անհրաժեշտ՝ Գերագույն դատարանի ղեկավարի նախագահությամբ, ինչպես նաեւ առնվազն 54 քվե: Այդ դեպքում մինչեւ 2018 թվականը՝ նախագահական ընտրությունների անցկացումը, պետության ղեկավարի պարտականությունները կկատարի փոխնախագահ Միշել Տեմերը: