Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը 6 մլրդ դոլարից ավելի պարտք ունի
ՄիջազգայինԱդրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) ընդհանուր պարտքը կազմում է 6,3 մլրդ դոլար:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով report.az լրատվական կայքը, Բաքվում «Խազար» եվրոպական ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է SOCAR-ի տնտեսական հարցերով փոխնախագահ Սուլեյման Գասըմովը:
«Ընկերությունը պարտք է Պետական նավթային հիմնադրամին` «Ազերի-Չիրաղ-Գյունեշլի» գազային հանքահորի մասնաբաժինը ստանալու եւ Բաքվի նավաշինական գործարանի շինարարության հետ կապված: Բացի այդ, պարտք ունենք նաեւ Միջազգային բանկին, որը պետք է վերադարձնենք 10 տարվա ընթացքում», -հավելել է նա:
SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւն ավելի առաջ հայտարարել էր, որ ընկերությունը դադարեցրել է 2015 թվականին միջազգային աճուրդ հայտարարած «Ումիդ» եւ «Բաբեկ» գազային նախագծերը:
Նրա խոսքով` դա արվել է նավթի համաշխարհային գների անկման հետեւանքով նախագծերի վրա ծախսերի` ենթադրվող եկամուտներից ավելի մեծ լինելու պատճառով:
«Նավթի ցածր գները հարկադրում են նվազեցնել նախագծերի վրա ծախսերն ու ներդրումները, ինչը խոչընդոտում է հիշյալ նախագծերի իրականացմանը», -ասել է նա:
«Ազադլըգ» թերթը հայտնել է, որ 2016 թվականի առաջին երկու ամիսներին, 2015 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ, Ադրբեջանի ՀՆԱ-ն 3,4 մլրդ դոլարով կամ 40 տոկոսով նվազել է:
«Թուրան» լրատվական գործակալությունը` հղում կատարելով Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեին, հայտնել է, որ Ադրբեջանի արտաքին առեւտրաշրջանառությունը 2016 թվականի հունվար-փետրվարին կազմել է 2,2 մլրդ դոլար, ինչը 2015 թվականի նույն ժամանակաշրջանի հետ համեմատ, 45,5 տոկոսով փոքր է:
Ըստ «Ազադլըգ» ռադիոկայանի` ադրբեջանցի հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուն համոզմունք է հայտնել, որ «Ադրբեջանի տնտեսության անկումն արդեն երեք ամիս է` սկսված է»:
The Financial Times թերթի համաձայն` Ադրբեջանի արտահանման 95 տոկոսից ավելին կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: