ԳԴՀ-ի ընդդիմությունը Մերկելին մեղադրել է Անկարային բացահայտ քննադատելուց խուսափելու մեջ
ՄիջազգայինԳերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանում (Բունդեսթագ) «կանաչների» խմբակցության առաջարկությամբ Թուրքիայում խոսքի եւ մամուլի ազատության ապահովման թեմայով քննարկումների ժամանակ ԳԴՀ-ի ընդդիմությունը դաշնային կառավարությանը մեղադրել է այն բանում, որ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ նախարարների կաբինետը ոչ բավարար հստակ դիրք է զբաղեցնում եւ խուսափում է Անկարայի քննադատությունից:
Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Բունդեսթագում «կանաչների» խմբակցության համանախագահ Կատրին Գյորինգ-Էքարդն ընդգծել է, որ անցյալ շաբաթ Թուրքիա կատարած իր վերջին այցի ընթացքում Մերկելն այդպես էլ Անկարային մատնացույց չի արել Գերմանիայի համար ինչքանով են անհրաժեշտ այնպիսի արժեքները, ինչպես խոսքի ազատությունը:
Քաղաքական գործիչը հիշեցրել է, որ «Թուրքիան մամուլի ազատության հարցերում 180 երկրների մեջ զբաղեցնում է 151-րդ տեղը»:
Բունդեսթագում Ձախերի կուսակցության խմբակցության ղեկավար Դիթմար Բարչը կարծիք է արտահայտել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգտագործում է իր երկրի առանցքային դիրքը եւ շանտաժի է ենթարկում Եվրոպային:
Նա նշել է, որ իրենց կուսակցությունը սպասում է, որ կառավարությունը հստակ դիրք կզբաղեցնի Թուրքիայում խոսքի ազատության ապահովման եւ քրդերի նկատմամբ Անկարայի կողմից անցկացվող քաղաքականության հարցերում:
Ավելի վաղ թուրքական իշխանությունները երկիր չեն թույլատրել մուտք գործել մի քանի արտասահմանցի լրագրողների, մասնավորապես, գերմանական «Բիլդ» թերթի ֆոտոթղթակցին եւ ԱՐԴ հեռուստաալիքի աշխատակցին: