Ահաբեկչությունից հետո բացված Բրյուսելի օդանավակայանն ուղեւորներին ընդունում Է վիթխարի հերթով
ՄիջազգայինԲրյուսելի օդանավակայանի՝ ահաբեկչական գործողություններից հետո բացված մեկնաթռիչքի սրահը մայիսի 2-ին ուղեւորներին ընդունում Է մեկուկեսժամանոց հերթով: Տերմինալի մուտքին ուղեւորների անվտանգության վերահսկողության կետի ստեղծումը հանգեցրել Է մարդկանց վիթխարի կուտակման, որոնք մտնելու իրենց հերթին սպասում են բաց երկնքի տակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Օդանավակայանի ծառայողները բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի ուղեւորներին օգնեն գլուխ հանելու տերմինալի առջեւ ստեղծված քաոսից, սակայն քիչ բան են կարողանում անել: Խնդիրն այն Է, որ մայիսի 2-ին բացված՝ մեկնաթռիչքների սրահն աշխատում Է սոսկ 75 տոկոսով. այնտեղ գործում են գրանցման 148 կանգնակներից 111-ը, ուստի ուղեւորների միայն մի մասն Է մեկնում այդ սրահից: Մնացած ավիաընկերությունները նրանց ընդունում են մեկնաթռիչքի ժամանակավոր սրահում, որը բացել են երկու հարկ ներքեւ: Այնտեղ Է տանում առանձին մուտքը՝ առանձին անցակետով՝ համապատասխանաբար՝ ա ռանձին հերթով:
Օդային նավահանգստի վարչության գնահատումներով՝ օդանավակայանը բնականոն գործունեության կվերադառանա հունիսից ոչ շուտ:
Մարտի 22-ին երկու պայթյուն Է որոտացել Բրյուսելի օդանավակայանում եւ եւս մեկը՝ Բելգիայի մայրաքաղաքի եվրաթաղամասում՝ մետրոյի «Մալբեկ» կայարանում: Դրանց հետեւանքով զոհվել Է 32 մարդ, գրեթե 340-ը՝ վիրավորվել: Գրոհի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Օդանավակայանը մասնակիորեն վերսկսել Է աշխատանքը ահաբեկչական գործողություններից 12 օր անց՝ մեկնաթռիչքների՝ ժամանակավորապես սարքավորված սրահի օգտագործմամբ: Հիմնական սրահում նորոգումն ավարտվել Է մայիսի 1-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: