Թուրքիայի և ԵՄ-ի միջև վիզաների չեղարկման գործընթացը կարելի է սկսված համարել. թուրք նախարար
ՄիջազգայինԵվրահանձնաժողովի առաջարկը՝ Թուրքիայի հետ վիզային ռեժիմը չեղարկելու վերաբերյալ, կարող է գործընթացի պաշտոնական մեկնարկը համարվել. hայտարարել է ԵՄ հարցերով Թուրքիայի նախարար Վոլքան Բոզքըրը։
Ինչպես տեղեկացնում է TRT Haber-ը, նրա խոսքով՝ ներկայում Թուրքիայի համար ԵՄ-ի հետ վիզաների չեղարկումն առաջնահերթություններից մեկն է։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Եվրահանձնաժողովը կողմ է արտահայտվել Թուրքիայի քաղաքացիների համար Եվրամիության երկրներ առանց վիզայի ճանապարհորդություններին՝ վերջնական որոշում կայացնելու իրավունքը հանձնելով Եվրախորհրդարանին և ԵՄ անդամ երկրներին։
Թուրքիան և ԵՄ-ն ավելի վաղ համաձայնագիր էին կնքել՝ կարգավորելու Էգեյան ծովով Թուրքիայից Հունաստան անցնող փախստականների հարցը։ Նույն համաձայնագրով նախատեսվում էր Թուրքիայի քաղաքացիների համար չեղարկել մուտքի արտոնագրերը ԵՄ տարածք, ինչպես նաև լրացուցիչ 3 մլրդ եվրո հատկացնել։
ԵՄ-ն մտահոգվում է, որ առանց այդ գործարքի Թուրքիան միգրացիան չի վերահսկի։