«France 24». Իշխանության կուսակցությունը կգնա Էրդողանի հետեւից, ոչ թե Դավութօղլուի
ՄիջազգայինԷրդողան-Դավութօղլու պայքարը չի հանգեցնի Թուրքիայում իշխող Արդարադատության եւ զարգացման կուսակցության պառակտման: «France 24» ֆրանսիական հեռուստաալիքի եթերում նման կարծիք է հայտնել լրագրող Ֆատիմա Կիզիլբոգան:
Նրա կարծիքով, Էրդողանի եւ Դավութօղլուի միջեւ տարաձայնությունները սկսվել են, կամ, ավելի շուտ, ուժեղացել են 2014-ի նախագահական ընտրություններից հետո, երբ առաջինը վարչապետից նախագահ դարձավ, իսկ երկրորդը` արտգործնախարարից` վարչապետ: Հակամարտության պատճառն այն է, որ Էրդողանը պայքարում է միանձնյա իշխանության համար:
Չնայած Թուրքիայի սահմանադրության համաձայն, նախագահի պաշտոնն ավելի շուտ արարողակարգային է, Էրդողանն այն գլխավոր դարձնելու քաղաքականություն է վարում:
2014-ին Թուրքիայում առաջին անգամ տեղի ունեցան ուղիղ համապետական նախագահական ընտրություններ (ավելի վաղ նախագահին խորհրդարանն էր ընտրում): «Չնայած օրենքի համաձայն հանրապետությունը խորհրդարանական է մնում, գործնականում շատ առումներով նախագահական է հիշեցնում: Էրդողանը շարունակում է երկաթյա ձեռքով ղեկավարել կուսակցությունը եւ երկիրը», - հավելել է լրագրողը: Այն հարցին, թե կարելի է կուսակցությունում պառակտում սպասել, նա պատասխանել է.
«Կարծում եմ` ոչ, մի շարք պատճառներով: Էրդողանն արդեն 15 տարի կուսակցության ղեկավարներից մեկն է, նվաճել է հանրության ոչ փոքր մասի համակրանքը: Կուսակցության փառասեր պաշտոնյաները ցանկանում են գնալ լայնամասշտաբ քաղաքական բարեփոխումների ճանապարհով: Եվ այժմ կուսակցությունում պառակտումը կնշանակի քաղաքական ինքնասպանություն»: