ԱՄՆ նախագահ դառնալու դեպքում Թրամփը կբարձրացնի հարկերը հարուստների համար
ՄիջազգայինՀանրապետության կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ընտրվելու դեպքում, կհետեւի իր նախընտրական ծրագրին եւ կբարձրացնի հարկերը բնակչության առավել ապահով խավի համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NBC-ն:
Նա նաեւ հավելել է, որ դա զգալիորեն կթեթեւացնի, այսպես կոչված, միջին դասի ներկայացուցիչների հարկային բեռը: Թրամփը, սակայն, չի բացառել, որ ԱՄՆ Կոնգրեսում քննարկումների ժամանակ իր ծրագիրը կարող է որոշակի փոփոխությունների ենթարկվել:
Միլիարդատերը նաեւ ընդգծել է, որ հանդես է գալիս ԱՄՆ-ում նվազագույն աշխատավարձի բարձրացման օգտին. դաշնային մակարդակով այն հիմա 7.25 դոլար է: «Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ապրել այդ գումարով»,- հայտարարել է Թրամփը:
Forbes ամսագրի տվյալներով, Դոնալդ Թրամփի կարողությունը ներկայում ավելի քան 4 մլրդ դոլար է գնահատվում: Թրամփը, սակայն, հայտարարել է, որ իր կապիտալն ավելի քան 10 մլրդ դոլար է: