Հունաստանի խորհրդարանը հավանություն տվեց կենսաթոշակային բարեփոխմանը, չնայած բողոքներին
ՄիջազգայինՀունաստանի խորհրդարանը քվեարկել է հարկային ու կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների անցկացման օգտին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 9-ին հաղորդել է BBC News-ը:
Բարեփոխումների անցկացումը, որը նախատեսում է պետական բյուջեի խիստ տնտեսում, թույլ կտա Հունաստանին եվրոգոտու երկրներից պարտք վերցնել 5 մլրդ եվրո:
Խորհրդարանում նոր միջոցառումների քննարկումը շարունակվում էր վերջին երկու օրերին: Արդյունքում Հունաստանի իշխանությունները կկրճատեն կենսաթոշակային որոշ վճարումներ եւ կմիավորեն թոշակային մի քանի հիմնադրամներ: Նաեւ կբարձրացվեն հարկերը միջին ու բարձր եկամուտներ ունեցող քաղաքացիների համար:
Ժողովրդականություն չվայելող բարեփոխումները երկրում բողոքի զանգվածային ակցիաներ էին առաջ բերել դեռ մինչեւ դրանց ընդունումը: Աթենքում եւ Թեսալոնիկում փողոց էին դուրս եկել հազարավոր մարդիկ: Մայիսի 8-ի երեկոյան Աթենքում բողոքի խաղաղ ակցիան վերածվել է ոստիկանության հետ ընդհարումների: Բողոքավորները քարեր եւ հրկիզիչ խառնուրդով շշեր էին նետում ոստիկանների վրա, ի պատասխան ոստիկանության աշխատակիցներն արցունքաբեր գազ են կիրառել:
Նաեւ երկրում անցկացվել են գործադուլներ, որոնք կազմալուծել էին տրանսպորտի, հասարակական կազմակերպությունների եւ ԶԼՄ-ների աշխատանքը:
Բարեփոխումների փաթեթն ընդունվել է եվրոգոտու երկրների ֆինանսների նախարարների հանդիպման նախօրեին: Հանդիպումը տեղի կունենա մայիսի 9-ին, դրա ընթացքում քննարկվելու է Հունաստանի պարտքի հետ կապված իրադրությունը, որը կազմում է երկրի համախառն ներքին արդյունքի մոտավորապես 180 տոկոսը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: