Կանադայի Ֆորտ Մաքմյուրեյ քաղաքում հրդեհները ոչնչացրել են տների 20 տոկոսը
ՄիջազգայինԿրակը ոչնչացրել է Կանադայի Ալբերտայի նահանգի Ֆորտ Մաքմյուրեյ քաղաքի տների 20 տոկոսը, որտեղ շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, BBC-ին հայտնել է տեղի խորհրդարանի պատգամավոր Դեւիդ Յուրդիգան:
Նրա խոսքով՝ տարիներ կանցնեն, նախքան նավթահանքերով հարուստ քաղաքը կվերադառնա բնականոն կյանքի:
Երկրի այդ մասում հրդեհները մոլեգնում են արդեն գրեթե մեկ շաբաթ: Հարյուր հազարից ավելի բնակիչներ հարկադրված են եղել տարհանվել:
Հրշեջ ծառայությունների տվյալներով՝ ներկայում կրակը ճարակել է մոտավորապես 1,6 հազար քառակուսի կիլոմետր տարածք:
Մասնագետների կարծիքով հրդեհի դեմ պայքարի ամենաբարդ փուլն արդեն ետեւում է մնացել: Ալբերտայի նահանգի կառավարության ներկայացուցիչը հայտնել է, որ օդի ջերմաստիճանի անկումն օգնում է հրշեջներին՝ պայքարել կրակի դեմ:
Մասնագետների նախնական հաշվարկների համաձայն՝ Ֆորտ Մաքմյուրեյի շրջանում մոլեգնող հրդեհներից վնասը կարող է կազմել շուրջ 9 մլրդ կանադական դոլար (7 մլրդ ԱՄՆ-ի դոլար): Մասնավորապես, խոսքը վերաբերում է քաղաքի վերականգնման ծախսերին, որտեղ ավելի քան հազար տուն է ոչնչացվել: Մինչ այժմ հրդեհի պատճառով իշխանությունները ծախսել են շուրջ 100 մլն դոլար: