Սանդերսը եւ Թրամփը հաղթանակ են տարել Արեւմտյան Վիրջինիայում կայացած փրայմերիզներում
ՄիջազգայինԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու հավակնորդ Բեռնի Սանդերսը, իսկ Հանրապետական կուսակցությունից՝ Դոնալդ Թրամփը, հաղթանակներ են տարել Արեւմտյան Վիրջինիայի նահանգում կայացած փրայմերիզներում: Այդ մասին վկայում են ձայների հաշվման նախնական արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ամերիկյան հեռուստաալիքներին:
Սանդերսը փրայմերիզներին մասնակցածների 48 տոկոս ձայներով առաջ է անցել իր կուսակից միակ ընդդիմախոսից՝ Հիլարի Քլինթոնից, որի օգտին քվեարկել է 43 տոկոսը, տեղեկացնում է CBS հեռուստաալիքը: Այսպիսով, Սանդերսին կուսակցական համագումարում, որը կորոշի նախագահի միակ թեկնածուին, պատրաստ է աջակցել 1471 պատվիրակ: Իսկ Քլինթոնն արդեն ապահովել է 2228 պատվիրակների աջակցությունը:
Հանրապետական միլիարդատեր Թրամփը Արեւմտյան Վիրջինիայում հավաքել է փրայմերիզներին մասնակցածների ձայների մոտավորապես 70 տոկոսը: Նա ավելի վաղ տարբեր նահանգներում անցկացված նախնական ընտրություններից հետո մնացել է Հանրապետական կուսակցությունից միակ թեկնածուն՝ կուսակցական համագումարի 1073 պատվիրակների ձայներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: