Վաշինգթոնի նահանգում աճել է մարիխուանայի պատճառով մահացու ելքով ավտովթարների թիվը
ՄիջազգայինԱՄՆ Վաշինգթոնի նահանգում կրկնակի աճել է մահացու ելքով ավտովթարների թիվը, որոնք տեղի են ունենում թմրանյութ օգտագործած վարորդների մեղքով։ Նշենք, որ Վաշինգթոնի նահանգը 2012-ին թույլատրել էր առողջարարական նպատակներով մարիխուանա օգտագործել։ Այս մասին ասված է ամերիկյան ավտոմոբիլային ասոցիացիայի Ճանապարհային երթեւեկության անվտանգության աջակցության ֆոնդի հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ֆոնդի անցկացրած վիճակագրական հետազոտությունները կապ են գտել թմրանյութի օրինականացման եւ մահացու ելքով ավտովթարների քանակի աճի միջեւ։ Տվյալները վկայում են, որ վթարից առաջ թմրանյութ օգտագործած վարորդների թիվը 2014-ին կազմել է 17 տոկոս, այնինչ 2013-ին այց ցուցանիշը 8 տոկոս էր։
«Մարիխուանա օգտագործելու հետեւանքով մահացու ելքով վթարների թվի աճը տագնապի ազդանշան է։ Վաշինգթոնի նահանգը օրինակ է, թե ինչի կարող են բախվել մյուս նահանգները թմրանյութերի օրինականացումից հետո»,- ScienceDaily-ին հայտնել է ֆոնդի նախագահ Փիթեր Քիսսենջերը։
Փորձագետները նշում են, որ վարորդների վրա մարիխուանայի ազդեցությունը պարզելու համար սահմանված օրենսդրական չափանիշները վիճելի են եւ գիտականորեն հիմնավորված չեն։