Ահաբեկչության դեմ պայքարի մասին Թուրքիայի օրենքները համապատասխանում են ԵՄ չափորոշիչներին. թուրք նախարար
ՄիջազգայինԹուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարի մասին թուրքական օրենքները «համապատասխանում» են ԵՄ չափորոշիչներին:
«Մենք չենք կարող ուղղումներ կատարել ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքներում, դրանք առանց այդ էլ համապատասխանում են ԵՄ չափորոշիչներին: Բացի այդ, այդ հարցերը կապված չեն վիզաների չեղյալ հայտարարման հետ: Դա վիզային սահմանափակումները վերացնելու պայման չէ»,- ասել է նա:
Այնուամենայնիվ, թուրք նախարարն ընդունել է, որ հակաահաբեկչական օրենսդրությունում ուղղումներ կատարելու հարցը խնդիրներ է առաջացրել ԵՄ-ի հետ հարաբերություններում:
Հիշեցնենք, որ 2011 թվականի սեպտեմբերի 11-ին ամերիկյան Associated Press (AP) գործակալությունը սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 10-րդ տարելիցի կապակցությամբ ահաբեկիչների թվաքանակի շուրջ հետազոտություն էր անցկացրել 66 երկրում (որոնց բաժին է ընկել աշխարհի բնակչության 70%-ը): Հետազոտությունը ցույց էր տվել, որ վերջին 10 տարում դատապարտված ահաբեկիչների թվով Թուրքիան աշխարհում բացարձակ առաջատար է։
2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը հաջորդած 10 տարվա ընթացքում աշխարհում որպես ահաբեկիչ դատապարտվել էր 35.117 մարդ, որի 1/3-ը (12.897 մարդ) բաժին է ընկել Թուրքիային։ AP-ն ընդգծել էր, որ Թուրքիայում որպես ահաբեկիչ դատապարտված անձանց հարցում կարծիքները կիսվում են. մի մասը նրանց (քրդերին) դիտարկում է որպես ահաբեկիչներ, մի մասն էլ՝ ազատության համար պայքարի մարտիկներ: