ՄԱԿ-ը դատապարտել է Թուրքիայի արեւելքում ուժայինների գործադրած բռնությունը
ՄիջազգայինՄԱԿ մարդու իրավունքների հարցով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի հարավ-արեւելքում ուժային կառույցների կողմից վերջին ամիսներին թույլ տված բռնությունների կապակցությամբ եւ իշխանություններին կոչ է արել անկախ հետաքննություն անցկացնել ՄԱԿ աշխատակիցների մասնակցությամբ, որոնք կկարողանան անարգել մուտք գործել այդ շրջաններ։
«Գնալով ավելի հաճախ են տեղեկություններ ստացվում Ջիզրեում պարեկային ժամի ընթացքում անվտանգության ուժերի կողմից խախտումների մասին։ Պատկերը տագնապալի է։
Ես վճռականապես դատապարտում եմ Ջիզրեում եւ այլ շրջաններում տարբեր խմբերի կողմից կատարած բռնությունը։ Շատ կարեւոր է, որ Թուրքիան պաշտպանի իր բնակչությանը բռնության ակտերից։ Իշխանությունները պետք է հարգի մարդու իրավունքները»,- ասել է Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը։
Գերագույն հանձնակատարը նաեւ հայտնել է, թե ինքը հավաստի աղբյուրներից տեղեկություններ ունի, որ անզեն մարդկանց, կանանց եւ երեխաների վրա դիպուկահարների կողմից դիտավորյալ կրակ բացելու դեպքերի մասին։
«Առավել մտահոգիչ են այն լուրերը, որ, ականատեսների վկայությամբ, Ջիզրեում անվտանգության ուժերի կողմից շրջափակված նկուղներում թաքնվող ավելի քան 100 մարդու ողջ-ողջ այրել են»,- նշել է հանձնակատարը՝ Թուրքիայի իշխանություններին կոչ անելով անկողմնակալ դիտորդների, քննիչների եւ լրագրողների մասնակցությամբ հետաքննել այդ միջադեպերը։