Վրաստանը Ռուսաստանից փոխհատուցում կպահանջի 2006 թվականին իր քաղաքացիների արտաքսման համար
ՄիջազգայինՎրաստանի արդարադատության նախարարությունը մինչեւ սեպտեմբեր կավարտի երկրի քաղաքացիների գործերի նախապատրաստումը, որոնք ցանկանում են Ռուսաստանից փոխհատուցում ստանալ՝ 2006 թվականին արտաքսվելու պատճառով: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Գերատեսչությունն արդեն 345 քաղաքացու ցանկ է կազմել, որոնք ՄԻԵԴ-ի 2014 թվականի որոշմանը համապատասխան փոխհատուցում են պահանջում:
2014 թվականի հուլիսին ՄԻԵԴ-ը բավարարել էր Ռուսաստանի դեմ վրացի միգրանտների զանգվածային արտաքսման հարցով Վրաստանի ներկայացրած հայցը: Թբիլիսին 70 մլն եվրոյի չափով փոխհատուցում էր պահանջել: Մոսկվայում, սակայն, մատնանշել էին, որ ռուսական իշխանություններն արտաքսել են միայն այն քաղաքացիներին, որոնք անօրինական են գտնվել երկրի տարածքում:
Ռուսաստանից Վրաստանի քաղաքացիներին զանգվածաբար արտաքսեցին 2006 թվականին: Միգրացիոն դաշնային ծառայության տվյալներով՝ այդ ժամանակ Ռուսաստանի տարածքում մինչեւ մեկ միլիոն Վրաստանի քաղաքացի կար: Ընդհանուր առմամբ, գործողության անցկացման ընթացքում Ռուսաստանից 2680 մարդ է արտաքսվել: