Վրաստանը Ռուսաստանից փոխհատուցում կպահանջի 2006 թվականին իր քաղաքացիների արտաքսման համար
Международные новостиՎրաստանի արդարադատության նախարարությունը մինչեւ սեպտեմբեր կավարտի երկրի քաղաքացիների գործերի նախապատրաստումը, որոնք ցանկանում են Ռուսաստանից փոխհատուցում ստանալ՝ 2006 թվականին արտաքսվելու պատճառով: Այս մասին հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Գերատեսչությունն արդեն 345 քաղաքացու ցանկ է կազմել, որոնք ՄԻԵԴ-ի 2014 թվականի որոշմանը համապատասխան փոխհատուցում են պահանջում:
2014 թվականի հուլիսին ՄԻԵԴ-ը բավարարել էր Ռուսաստանի դեմ վրացի միգրանտների զանգվածային արտաքսման հարցով Վրաստանի ներկայացրած հայցը: Թբիլիսին 70 մլն եվրոյի չափով փոխհատուցում էր պահանջել: Մոսկվայում, սակայն, մատնանշել էին, որ ռուսական իշխանություններն արտաքսել են միայն այն քաղաքացիներին, որոնք անօրինական են գտնվել երկրի տարածքում:
Ռուսաստանից Վրաստանի քաղաքացիներին զանգվածաբար արտաքսեցին 2006 թվականին: Միգրացիոն դաշնային ծառայության տվյալներով՝ այդ ժամանակ Ռուսաստանի տարածքում մինչեւ մեկ միլիոն Վրաստանի քաղաքացի կար: Ընդհանուր առմամբ, գործողության անցկացման ընթացքում Ռուսաստանից 2680 մարդ է արտաքսվել: