Սենատում դեմոկրատների առաջնորդն է դառնալու սենատոր Չակ Շումերը
ՄիջազգայինՍենատում դեմոկրատական փոքրամասնության առաջնորդն է դառնալու Նյու Յորքի սենատոր Չակ Շումերը, խմբակցության քարտուղար, Սենատում երկրորդ ավագ դեմոկրատ կդառնա Դիք Դուրբինը Իլինոյսից, իսկ առաջնորդի օգնական՝ Վաշինգթոնի սենատոր Փաթթի Մյուրեյը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։
Դեմոկրատները նոյեմբերի 16-ին փակ քվեարկության արդյունքներով միաձայն ընտրել են Շումերին։ Նա փոխարինելու է Նեւադայի սենատոր Հարրի Ռիդին, որը հունվարին հրաժարական է տալու Սենատում 30 տարվա աշխատանքից հետո։
Շումերի խոսքով դեմոկրատները համագործակցելու են Դոնալդ Թրամփի հետ այն հարցերում, որտեղ նրանց կարծիքները համընկնում են, ու ձգտելու են հակազդել նրան այն դեպքերում, երբ իրենց կարծիքով ոտնահարվում են ամերիկյան արժեքները կամ արգելակվում է առաջընթացը։
Չակ Շումերը Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք ամենաազդեցիկ դեմոկրատն է դառնալու Վաշինգթոնում։
Հանրապետականները իրենց հսկողության տակ են պահելու եւ՛ Սպիտակ տունը, եւ՛ Ներկայացուցիչների պալատը, եւ ՛ Սենատը։ Սենատում նրանք զբաղեցրել են 100 տեղերից 52-ը։ Բայցեւայնպես դեմոկրատները կկարողանան ազդել որոշ կարեւոր հարցերի որոշման վրա, ամենայն հավանականությամբ նրանք կկիրառեն ֆլիբուսթյերության մարտավարությունը, որի դեմ պայքարելու համար հանրապետականները պետք է հավաքեն 60 ձայն։