Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հալեպի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի ներկայացրած առաջարկները. Լավրով
ՄիջազգայինՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հռոմում կայացած հանդիպման ընթացքում Հալեպի հարցով նոր առաջարկներ է ներկայացրել։
Ռուսաստանը պատրաստ է դիվանագետներ և ռազմական փորձագետներ ուղարկել Ժնև` ԱՄՆ-ի առաջարկած լուծումները քննարկելու նպատակով։
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խախտել է ավելի վաղ ձեռք բերված համաձայնություններն ու ամեն կերպ փորձել է հարվածի տակից դուրս բերել Սիրիայում գործող ահաբեկչական «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման զինյալներին:
«Մինչդեռ դեկտեմբերի 2-ին Հռոմում կայացած հանդիպման ընթացքում ամերիկյան կողմը ներկայացրել է առաջարկներ, որոնք համընկնում են մեր փորձագետների պաշտպանած տեսակետների հետ», - ասել է Լավրովը:
Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է Ժնևում բանակցել այնպիսի հարցերի շուրջ, ինչպես հումանիտար օգնության մատակարարումը, գրոհայինների դուրս բերումն ու կայունության ապահովումը Սիրիայում: