Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հալեպի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի ներկայացրած առաջարկները. Լավրով
International newsՌուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Հռոմում կայացած հանդիպման ընթացքում Հալեպի հարցով նոր առաջարկներ է ներկայացրել։
Ռուսաստանը պատրաստ է դիվանագետներ և ռազմական փորձագետներ ուղարկել Ժնև` ԱՄՆ-ի առաջարկած լուծումները քննարկելու նպատակով։
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն խախտել է ավելի վաղ ձեռք բերված համաձայնություններն ու ամեն կերպ փորձել է հարվածի տակից դուրս բերել Սիրիայում գործող ահաբեկչական «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման զինյալներին:
«Մինչդեռ դեկտեմբերի 2-ին Հռոմում կայացած հանդիպման ընթացքում ամերիկյան կողմը ներկայացրել է առաջարկներ, որոնք համընկնում են մեր փորձագետների պաշտպանած տեսակետների հետ», - ասել է Լավրովը:
Լավրովն ընդգծել է, որ ռուսական կողմը պատրաստ է Ժնևում բանակցել այնպիսի հարցերի շուրջ, ինչպես հումանիտար օգնության մատակարարումը, գրոհայինների դուրս բերումն ու կայունության ապահովումը Սիրիայում: