Ոչ, չեմ վախենում. Արագած Ախոյանը՝ հնարավոր ճնշումների մասին
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն երեկ՝ հոկտեմբերի 24-ին, մասնակցել է եռյակի հանրահավաքին, գտնվել է ոչ թե հարթակում, այլ հրապարակում:
NEWS.am-ի թղթակցի հարցին՝ որպես ԲՀԿ-ի գործարար հատվածի ներկայացուցիչ՝ մտավախություն չունեք, որ ձեր դեմ ճնշումներ կսկսվեն, նա պատասխանեց. «Սկսենք նրանից, որ ես գործարար պատգամավոր եմ, վատ իմիջ չէ, բայց եթե հետեւեք իմ գործունեությանը, կտեսնեք, թե ինչքան եմ զբաղված քաղաքական ասպարեզում՝ հայ-թուրքական հարաբերություններ եւ այլն, լուրջ կազմակերպության լիազոր ներկայացուցիչն եմ Հայաստանում: Էդ գործարար հատվածը այնքան էլ չի համապատասխանում իրականությանը, վաղուց դա մի կողմ եմ դրել եւ զբաղվում եմ քաղաքական գործունեությամբ»:
Դիտարկմանը, որ գուցե անմիջական գործարարությամբ չեք զբաղվում, բայց ամեն դեպքում դրանք ձեր բիզնեսներն են, նա կարճ պատասխանեց՝ «Ոչ, չեմ վախենում»:
Նշենք, որ հոկտեմբերի 24-ին եռյակի հանրահավաքից առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բոլոր կուսակցականներին, այդ թվում ԲՀԿ խմբակցության պատգամավորներին հանձնարարել է անպայման ներկա լինել հանրահավաքին: