Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ, երեկ, ըստ նախնական հաշվարկների, նախագահ ընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրության ավարտից հետո ելույթ է ունեցել կուսակցության պատշգամբից, գրում է «Cumhuriyet»-ը։
«Թուրք, քուրդ, հայ, հույն լինելուց առաջ նրանք Թուրքիայի քաղաքացիներ են: Մուսուլման, քրիստոնյա, եզդի լինելուց առաջ նրանք Թուրքիայի քաղաքացիներ են: Ալևի կամ սուննի լինելուց առաջ թուրքիացիներ են»,- ասել է նա:
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի 12-րդ նախագահ ընտրված վարչապետ Էրդողանը հայտարարել է, թե ինքը Թուրքիայում բնակվող 77 մլն մարդու նախագահն է:
Ի դեպ, այս անգամ, ի տարբերություն նախորդ հակահայկական ելույթի, նա հայ և հույն ժողովուրդներին հիշատակելիս ներողություն չի խնդրել:
«Թուրքիայի նախագահական ընտրություններում արտահայտվեց թուրք ժողովրդի կամքը»,- հայտարարել է Էրդողանն ու շնորհակալություն հայտնել իրեն աջակցողներին:
Ըստ նախնական տվյալների՝ Էրդողանը ստացել է ձայների 56.56%-ը: Ընդդիմության միասնական թեկնածու Էքմելեդդին Իհսանօղլուն ստացել է 37.48, իսկ քուրդ Սալահադդին Դեմիրթաշը՝ 8.96%:
Ի դեպ, թուրք լրագրողների ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ Էրդողանը նախագահ դառնալուց հետո իր առաջին ելույթում ոչ մի անգամ չի արտաբերել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի անունը: