«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այս պահին դադարեցրել են իրենց բողոքի ակցիան` երկուշաբթի հանդիպելու ակնկալիքով: Այս մասին Orer.am-ի հետ զրուցում ասաց գործարանի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:
Նշենք, որ ավելի վաղ Orer.am-ը հայտնել էր, որ գործարանի աշխատակիցները հավաքվել էին գործարանի առջև և առաջարկել էին հրավիրել խորհրդի նիստ, որտեղ պետք է հարց բարձրացվեր աշխատակիցների աշխատավարձերի վճարման եւ կրճատումների մասին:
«Նիստը չգումարվեց և աշխատողները որոշեցին խորհրդի նախագահին հրավիրել «Նաիրիտ» գործարան և զրուցել նրա հետ, իսկ խորհրդի նախագահը` Վահան Մելքոնյանն է, ով այս պահին Միջպետական բանկերի հայաստանյան ներկայացուցչության տնօրենն է և նաև մեր խորհրդի նախագահը: Երկուշաբթի Ժամը 11:00-ին նրան հրավիրել են հանդիպման` զրուցելու համար»,-ասաց Անուշ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Նաիրիտ»-ի աշխատակիցները պահանջում են վճարել իրենց աշխատավարձերի պարտքը և հետո նոր ազատել նրանց աշխատանքից: Նշենք նաև, որ աշխատակիցների չվճարված աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: