Մեր երկրում ամենաթողությունը չի խնայում, անգամ, երեխաներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով վերջերս Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում գրանցված մասսայական թունավորման դեպքին:
«Սա հանցագործության մի տեսակ է, իսկ Եղվարդն քաղաքապետն էլ ասում է, որ դրա հետ ինքը կապ չունի: Հարգելի քաղաքապետ, Ձեր գործառույթներից մեկն էլ հենց մանկապարտեզի սննդի հետեւողականությունն է: Ձեր թիրախներից մեկն էլ հենց սնունդին հետեւելը պետք է լինի: Այնպես որ քաղաքապետն ու մանկապարտեզի տնօրենը պետք է անմիջապես հրաժարական տային»,- ասաց Անահիտ Բախշյանը և հավելեց, որ եթե որևէ երեխայի մի բան պատահեր, ո՞վ էր պատասխանատվության ենթարկվելու:
Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում զանգվածային թունավորման մասին հայտնի էր դարձել նոյեմբերի 28–ի երեկոյան։ Եղվարդի հիվանդանոց էր մեկնել ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ։ Ծանր վիճակում գտնվող երեխաները տեղափոխվել էին Երեւան՝ «Նորք» ինֆեկցիոն եւ «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցներ։ Երեխաների մոտ հաստատվել է դիզենտերիա։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կասեցվել է մանկապարտեզի գործունեությունը: