«Ժամանակի ընթացքում մենք ուղղեցինք մեր սխալը՝ անցնելով մոնոլիտ երկաթբետոնի, որն ավելի վստահելի է, բայց միաժամանակ մոռացանք քաղաքաշինության սկզբունքները»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Վերջինս հավելեց, որ մենք վստահելի բնակավայր չենք կառուցում: Նա նշեց, որ այժմ էլիտար շենքերի սեյսմակայունությունն արված է 9 բալի հաշվարկներով, այսինքն՝ «կառուցում ենք վստահելի շենքեր, բայց չենք կառուցում վստահելի քաղաք»:
Մ. Մինասյանն ասաց, որ Երևանում շենքերը բավականին խիտ են կառուցված, ինչն էլ խնդիրներ կարող է առաջացնել վտանգների ժամանակ. «Երկրաշարժի ժամանակ ամենավտանգավորն այն է, երբ հարթակ չեն գտնում մարդկանց տեղավորելու համար: Մենք հարթակներն իսպառ վերացրել ենք: Բոլոր հնարավոր հարթակները, բակերը խտացրել ենք ու կառույցներով եք լցրել»:
Ճարտարապետի խոսքով՝ Երևանը շատ մեծ հիմնախնդիրներ ունի. «1988 թվականի երկրաշարժի ուժգնությամբ երկրաշարժի դեպքում Երևանում վնասները շատ ավելի կլինեն»,-ասաց Մկրտիչ Մինասյանը: Պատճառներից մեկն էլ, ըստ նրա, այն է, որ Երևանի շենքերը խորհրդային շրջանում են կառուցված, տարիների ընթացքում վերանորոգված չեն, բացի այդ, մի շարք միջամտություններ են արված հենց բնակիչների կողմից՝ պատուհանը փակում են, դուռ են բացում, հիմնական պատերն են քանդում, կրող սյուներն են քանդում, ձեղնահարկ են կառուցում, ինչի հետևանքով շենքերի սեյսմակայունությունը թուլանում է: